Վերջին օրերին «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն ահազանգող քաղաքացիները բողոքում էին, որ հատկապես երեկոյան ժամերին լուրջ խնդիր է դարձել հանրային տրանսպորտից օգտվելը, քաղաքացիները ստիպված են եղել կանգառներում կանգնել 40-45 րոպե, իսկ այդ ընթացքում մեքենաները կամ գերծանրաբեռնված անգամ կանգառին չեն մոտեցել կամ տարածքով հանրային տրանսպորտ անգամ չի էլ անցել:
«Կազմակերպության կողմից երեկ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ անգամ չգիտես ինչու ավտոբուսների փոխարեն կանգառներում տաքսիներ էին կանգնած, իսկ գրասենյակի հարեւանությամբ Էրեբունի փողոցի ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ գրեթե ոչ մի երթուղի չէր ապահովում չվացուցակով նախատեսված պարբերականությունը:
Նման գործելաոճն ու խնդրի շուրջ պետական լիազոր մարմինների անտարբերությունը վկայում են, որ այս ամենն իրականացվում է համատեղ, որը կարող է հետապնդել ընդամենը 1 նպատակ՝ առաջացնել դժգոհություն եւ որպես միակ լուծում փորձել թանկացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը:
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին չտրվել այս սադրանքին, քանզի թե՛ ուղեւորափոխադրողները, թե՛ վերահսկողները պարտավոր են ապահովել կարգավորված ուղեւորափոխադրում գործող 100 դրամով:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր առնչվել են վերոնշյալ խնդրին խնդրում ենք տեղեկացնել Կազմակերպությանը՝ զանգահարելով +37410 430 930 հեռախոսահամարով»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:





























