Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նոյեմբերի 27-ից 29-ը կգտնվեն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում`  մասնակցելու Արեւելյան գործընկերության 2-րդ գործարար համաժողովին: 

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե համաժողովը կազմակերպվել է Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրամիության Խորհրդի Լիտվայի նախագահության եւ «Բիզնես Յուրոփ»-ի համատեղ ջանքերով` Արեւելյան գործընկերության 3-րդ գագաթաժողովի շրջանակներում:

Համաժողովը հնարավորություն կընձեռի երկրների գործարար համայնքների եւ պետական հատվածի ներկայացուցիչներին համատեղ քննարկել Արեւելյան գործընկերության ռազմավարական քաղաքականությունից բխող, առեւտրի զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի հիմնական ուղղությունները, ոլորտային համագործակցության եւ նոր գործարար շփումների հաստատման հնարավորությունները:

Գործարար համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ նախարարի տեղակալը կհանդիպեն Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտեռեռի եւ Եվրոպական Հանձնաժողովի Եվրոպական օժանդակության զարգացման եւ համագործակցության Գլխավոր տնօրինության (DG DEVCO) Հարեւանության հարցերով տնօրեն Մայքլ Քյոլերի հետ: