Մոլդովայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) ճանաչել է երկրի հիմնական օրենքի նկատմամբ Անկախության հռչակագրի գերակայությունը, որում պետական լեզու է անվանվում ռումիներենը: Այդ մասն հաղորդել է ՍԴ նախագահ Ալեքսանդր Տենասեն՝ ի պատասխան լիբերալ-ռեֆորմատորների կուսակցության պատգամավոր Աննա Գուցուի հարցման:
Սահմանադրության համաձայն՝ Մոլդովայի պետական լեզուն մոլդովերենն է:
«Անկախության մասին հռչակագիրը սահմանադրության անբաժան մաս է կազմում: Տարաձայնությունների դեպքում Հռչակագրի տեքստն առաջնային է: Որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ»,- հայտարարել է ՍԴ նախագահը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Այսօրվա որոշումից հետո մենք կարող ենք սինտագմայում ազատորեն կիրառել ռումիներենը: Հույս ունեմ, հետագայում ընդդիմությունն ու այլ քաղաքացիներ վկայակոչելու այլեւս ոչինչ չեն ունենա ու այլեւս ոչնչում մեզ չեն մեղադրի»,-հայտնել է Գուցուն:



























