Փետրվարին ողջ ժողովուրդը պիտի մոբիլիզացվի և քնած մարդ այլևս չպիտի մնա: Այս մասին դեկտեմբերի 5-ին Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի հերթական հավաքի ժամանակ հայտարարեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների` փետրվարին ծրագրած իշխանափոխությանը:

«Փետրվարին բարձրացնելու ենք հաղթանակի դրոշը: Այդ օրը մենք կազատենք մեր Հայաստանը»,-հայտարարեց Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Սամվել Աբրահամյանը, որը նույնպես մասնակցում էր դեկտեմբերի 5-ի հավաքին, հայտարարեց, որ ազատամարտիկները վերջին հինգ ամիսներին շատ կարևոր բան կարողացան անել` դառնալով այն եզակի միավորներից մեկը, որը հայտարարեց հրապարակային պայքարի դուրս գալու մասին և 5 ամիս շարունակ պահեց իր հրապարակը` դառնալով շատ կարևոր գործոն Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում:

Աբրահամյանի կարծիքով` Հայաստանում ձևավորվում է մի նոր իրողություն, և դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխանությունը կորցնում է ինքնապաշտպանության և կենսունակության իր ռեսուրսը:

Սամվել Աբրահամյանի խոսքով՝ իշխանության դիրքերն այսօր առավել քան երբեւէ թուլացել են, ինչին նպաստել է մի քանի հանգամանք։

Նրա խոսքով` առաջինը միջազգային հանրությունն էր, որոնց տարիներ շարունակ ներկա իշխանությունը կերակրում էր այն ստով, թե իբր ինքը գնում է Եվրոպա, սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ և շարունակում է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: «Վերջին գործողություններից հետո ռեժիմը կորցրեց թե Արևմուտքի, թե Արևելքի աջակցությունը, ինչը նրա համար կենսական նշանակություն ուներ իշխանությունը պահպանելու առումով»,- ասաց ՀՀՇ վարչության փոխնախագահը:

Երկրորդը, ըստ նրա, այն էր, որ իշխանությունը որոշակի լեգիտիմության հույս ուներ նաև Լեռնային Ղարաբաղում, սակայն հիմա Ղարաբաղը հասկանում է, որ ղարաբաղցի նախագահը որևէ նշանակություն չունի իրեն երաշխավորելու հարցում: «Ղարաբաղի գլխավոր երաշխավորը Հայաստանն է և Հայաստանի ժողովուրդը, իսկ Սերժ Սարգսյանը իր ռեժիմի հետ միասին Հայաստանը հասցրել է այնպիսի մի վիճակի, որ Հայաստանն այս պահին չի կարողանում Ղարաբաղին երաշխավորելու իր դերը կատարել: Այդ բանը հասկանում է նաև Ղարաբաղը, և այնտեղից անընդհատ ազդանշաններ են գալիս, որոնք անվստահություն են հայտնում Հայաստանին»,- ասաց Սամվել Աբրահամյանը:

Ազատամարտիկները հայտարարեցին, որ սա այս տարվա վերջին հանրահավաքն է, իսկ իրենց պայքարի վերջնաժամկետը 2014թ. փետրվարն է, որը որոշիչ է լինելու։