1991 թվականից այս կողմ առաջին անգամ չէ, որ ՌԴ պաշտոնյաները եւ նրանց նախագահները այցելում են Հայաստան եւ նրանց ասուլիսները լինում են ռուսերենով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Պուտինի այցի ժամանակ լեզվի մասին օրենքը խախտվել է:
ԱԺ փոխնախագահը նշեց, թե չի կարծում, որ հայոց լեզվին որեւէ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետությունում:
Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որեւէ հարց չի քննարկվել, քանի որ այդ հարցը քննարկել են դեռ 2010թ-ի դեկտեմբերին, որտեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ են քվեարկել, իսկ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն չեն մասնակցել քվեարկությանը: Հարցին, հնարավոր է Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը մեկ տարով հետաձգվի, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես արդեն այդ հարցին պատասխանել եմ: Իսկ քաղաքականության մեջ հնարավորությունների մասին ես չէ, որ պետք է գնահատական տամ: Ինչպես կասեր Բիսմարկը, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Այս պահին նման քաղական որոշում չկա»:
Լրագրողները տեղեկացրեցին նաեւ, որ Պուտինի այցից հետո Գյումրիում՝ թատրոնի առջեւ տեղադրված եղեւնիները հանվել եւ տարվել են ու հետաքրքրվեցին, թե արդյոք այդ ամենը ձեւական բնույթ չի կրել: Շարմազանովը պատասխանեց. «Ես երբեք ձեւերն ու ձեւաչափերը չեմ մեկնաբանում: Ես միշտ բովանդակությունն եմ մեկնաբանում: Իսկ բովանդակության առումով ՌԴ նախագահի այցը Հայաստան արդյունավետ էր անախադեպ»:





























