Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այնքան որս եմ արել, որ հոգնել եմ կենդանի որսերից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը («Շմայս»)՝ արձագանքելով հարցին, թե ինքը որսի սիրահար է, թե՝ ոչ:

«Հասկացաք չէ՞, խոսքը ինչ որսի մասին է»,- ավելացրեց Առաքել Մովսիսյանը: Անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանում անգամ քաղաքական գործիչները  զբաղվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսով, Առաքելյանն ասաց. «Իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն: Նախ պետք  է թույլ չտան արգելված կենդանիների որսը: Բայց նաեւ որսորդներ էլ կան, որ չեն իմանում որ կան կենդանիներ, որոնց որսն արգելված է: Բայց դա չի նշանակում, թե դա նրանց  պատժից  ազատում է: Որսորդը պետք է իր մոտ ունենա գիրք, որտեղ նշված է, թե Կարմիր գրքին որ կենդանին է պատկանում: Այն ինչ պետականորեն արգելված է, պետք է չարվի: Բնությունը մեզ շատ է պիտանի»,- ավելացրեց Առաքել Մովսիսյանը: