Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի վերաքննիչ դատարանն, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, զգալիորեն մեղմացրել է «Մահմեդական եղբայրներ» ասոցիացիայի ակտիվիստուհիների նկատմամբ կայացված դատավճիռները, որոնք նախկինում դատապարտվել էին երկար տարիների ազատազրկման: Հաղորդվում է, որ դատավորներն ակտիվիստուհիներին դատապարտել են մեկ տարվա պայմանական ազատազրկման եւ ազատ արձակել դատարանի դահլիճից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Մահմեդական եղբայրների» 14 ակտիվիստուհիներ նոյեմբերի 27-ին մեղադրվել են միանգամից մի քանի հոդվածներով՝ Ալեքսանդրիայում տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցող հանրահավաքների ժամանակ անկարգությունների մասնակցելու համար: Նրանք մեղադրվում են հասարակական կարգը խախտելու, բռնության կոչեր անելու, ուժային կառույցների վրա հարձակվելու, տարնսպորտային մայրուղիները փակելու եւ սառը զենք կրելու մեջ:
Արդյունքում դատարանը նրանց դատապարտել էր 11 տարվա ազատազրկման, ինչը բուռն հակազդեցություն էր առաջացրել տեղի իրավապաշտպանների շրջանում:





























