22-ամյա Մարիետա Մանուչարյանը Տավուշի մարզի սահմանամերձ Վարագավան գյուղից է: ԵՊՀ-ում հոգեբանություն է սովորում: Մանկությունը ապաստարաններում կորցրած աղջիկը երազում է վերադառնալ հայրենի գյուղ եւ այնտեղ աշխատել:

Մարիետան մեկն է 200 տավուշցի երիտասարդներից, որոնք խնդրանք-պահանջով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի բարեկարգվի Իջեւան- Իծաքար- Բերդ ճանապարհը:  Տարածաշրջանին ձմռանը սպառնում է լիակատար մեկուսացում արտաքին աշխարհից: Այնտեղ տանող երեք ճանապարհներից երկուսը վտանգավոր են կյանքի, մեկը` առողջության, հատկապես, նյարդերի համար:

Նախկին Շամշադինի շրջան տանող գլխավոր ճանապարհը` Վազաշեն- Պառավաքարը, գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ եւ այս տարվա հոկտեմբերին մեկ զինծառայողի կյանք խլած սահմանային ողբերգությունից հետո մինչեւ օրս փակ է:

Կիսաասֆալտապատ մյուս ճանապարհը` Բերդ- Ճամբարակը, եւս անվտանգ չէ. 4 կմ-անոց հատվածը հակառակորդի թիրախում է: Բացի այդ, լեռնային այդ ավտոմայրուղին ձմռանը գրեթե միշտ փակ է:

Բերդը տանող միակ ապահով ուղին Իջեւան-Իծաքար- Բերդ ճանապարհն է` ընդամենը 40 կմ երկարությամբ, որը հնարավոր է հաղթահարել առնվազն երկու ժամում, այն էլ եթե ձնաբուք կամ մառախուղ չլինի: Գրունտային այդ ճանապարհի շտապ նորոգումն է տավուշցի երիտասարդների խնդրանքն է հանրապետության նախագահին։

«Պառավաքար-Վազաշեն ճանապարհն ամենավտանգավորն է. մարդիկ խաչակնքվում են ու կայծակնային արագությամբ անցնում»,- ասում է Մարիետան: Խաչի զորությանն ապավինող «մահապարտները» քիչ չեն: Նախընտրում են կյանքը վտանգել, միայն թե միակ ապահով ճանապարհին երկու ժամ չտառապեն: «Պառավաքար-Վազաշեն ճանապարհին զինվորական 2 պոստ կա: Վարորդներից ստորագրություն են վերցնում ոստիկաններն ու զինվորականները,  որ թշնամու կողմից կրակ բացելու դեպքում որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում»,- պատմեց ուսանողուհին:

Շուտով ուսումն ավարտող ապագա հոգեբանը հաստատ որոշել է վերադառնալ ծննդավայր. «Մամաս պատմում է, որ երբ փոքր էի, հենց սկսվում էին կրակոցները, մտնում էի մի մութ անկյուն ու ասում. «տլատոցա, ախում եմ» (կրակոց ա, վախենում եմ): Հիմա թնդանոթի ձայները միայն մի ցանկություն են առաջացնում` զենք վերցնել»: