«Բատկովշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել իշխանության հակառակորդներին հենվել Սահմանադրության այն դրույթի վրա, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու անցնել ժողովրդի ուղղակի իշխանության: Մայդանում ցուցարարների առաջ ուղերձն ընթերցել է Տիմոշենկոյի դուստր Եվգենիան:

Տիմոշենկոյի ծրագիրը բաղկացած է հինգ կետից:

Առաջին հերթին նա նշել է, որ այժմ անհնար է Յանուկովիչին իշխանությունից հեռացնել հանրաքվեի կամ իմպիչմենտի միջոցով: Սակայն, ըստ Սահմանադրության 5 - րդ հոդվածի, երկրում ողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի նա իրավունք ունի անցնել «ուղղակի ժողովրդավարության»: Ընդ որում Տիմոշենկոն նշել է, որ իշխանությունների հետ բանակցություններ կարելի է վարել միայն  նախագահի եւ Գերագույն Ռադայի վաղաժամ ընտրությունների վերաբերյալ:

Երկրորդ հերթին Տիմոշենկոն կոչ է արել բանակցություններ սկսել բանակի եւ անվտանգության ուժերի հետ: «Մենք պետք է խուսափենք ուժային ցանկացած տարբերակից, որը կարող է օգտագործվել ժողովրդի դեմ», - նշել է նա: Երրորդը. դիվանագետների խումբ ստեղծել՝ ցուցարարների օգնության եւ անձամբ Յանուկովիչի ու իշխանությունների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Արեւմուտքի հետ բանակցությունների համար:

«Պետք է անհապաղ Անկախության հրապարակում առնվազն 15 պրոֆեսիոնալ դիվանագետներից բաղկացած խումբ լինի, ովքեր անմիջապես բանակցություններ կսկսեն ժողովրդավարական աշխարհի ղեկավարների հետ ուկրաինական ժողովրդին օգնելու եւ ավտորիտար ռեժիմի վերացնելու վերաբերյալ՝ անձամբ Յանուկովիչի դեմ պատժամիջոցների կիրառման եւ  միջազգային հակակոռուպցիոն հետաքննության եղանակով», - համարում է նախկին վարչապետը:

Չորրորդ. Կառավարությունում կոռուպցիայի դեպքերի հետաքննության համար ստեղծել հակակոռուպցիոն խումբ: «Մենք պետք է հասնենք միջազգային քրեական գործերի հարուցման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկենք», - ասվում է ուղերձում: Հինգերորդ. ամեն օր լինել Մայդանում:

«Ծրագիրն իրական կդառնա միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի հրապարակներում միլիոնավոր ուկրաինացիներ լինեն»,- համարում է Տիմոշչենկոն:

Բացի այդ, Տիմոշենկոն կոչ է արել հարվածել «Յանուկովիչի որջին»՝ Մեժիգորյեին: «Ուժեղացրեք ճնշումը Յանուկովիչի նկատմամբ իր կոռուպցիոն որջից՝ «Մեժիգորյեից»,- ասվում է ուղերձում:

Ուղերձն ամբողջությամցբ հասանելի է կայքում: