«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ողջունում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ շատ նորմալ է վերաբերում նախաձեռնությանը, որեւէ խնդիր չի տեսնում, ճանաչում է նախաձեռնության անդամներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Ալեն Սիմոնյանին, Արսեն Խառատյանին: «Որեւէ ձեւով խանդով չեմ վերաբերում, որովհետեւ ընդդիմադիր դաշտը, ի տարբերություն իշխանականի, ըստ էության անսահմանափակ է, ցանկացած ոք կարող է գալ ընդդիմադիր դաշտ, իր աշխատանքով ցույց տալ, թե ինքը ինչպիսի մոտեցումներ ու ոճ ունի:

Էլեկտորատը խլելու կամ չխլելու խնդիր չկա, ցանկացած պարագայում աշխատանքով է որոշվում, որքան էլ փիառ գործիքները օգտագործվեն:

Ցանկացած ուժի գործունեության արդյունքում է որոշվում, թե ինքը ինչպիսին կդառնա, ժամանակը ցույց կտա»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Նա հնարավոր համարեց համագործակցությունը նոր ստեղծվող ուժի հետ՝ հավելելով, որ «Ժառանգությունը» միշտ էլ համագործակցային ուժ  է եղել, միշտ էլ ընդդիմադիր գործընկերների նախաձեռնությունները աջակցել են, եթե դրանք իրենց հռչակած նպատակների շրջանակում են գտնվում: «Այնպես որ եթե նմանատիպ իրավիճակ լինի, ապա նոր ձեւավորված քաղաքական ուժը եւ «Ժառանգությունը» կարող են համատեղ գործողություններ իրականացնել, համագործակցությունը տրամաբանական կլինի: Վերջապես, կարծում եմ, այդ նախաձեռնությամբ նաեւ հիմք է դրվում ամենայն հավանականությամբ 2018թ նախագահական եւ 2017թ խորհրդարանական ընտրություններին, եթե մինչ այդ արտահերթ գործընթացներ չլինեն: Հնարավոր է ժամանակի ընթացքում այս նախաձեռնությունը դառնա կուսակցություն, մասնակցի խորհրդարանական ընտրություններին, հաջողություն գրանցելու դեպքում էլ՝ նախագահականին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը: Այսօր կայացել է նախաձեռնության առաջին ժողով-ասուլիսը: