Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից այգում /Սայաթ-Նովա 1ա/ դեկտեմբերի 10-ին ժամը 13:00-ին մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ տեղի կունենա միջոցառում, որի մասնակիցները կոչ են անելու կառավարությանը չփակել Մարդու Իրավունքների Պաշտպանի մարզային գրասենյակները եւ լուծելու այդ գրասենյակների գործունեությունն ապահովող բոլոր խնդիրները:
Նոյեմբեր ամսից ՄԻՊ-ի 6 մարզային գրասենյակները դադարեցրել են իրենց աշխատանքները ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Հայաստանի կառավարությունը մարզային գրասենյակների գործունեության շարունակության ճակատագիրը պետք է դիտարկի 2014 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի Աժգային Ժողովի նիստերի քննարկման ընթացքում:
Միջոցառումը կազմակերպվել է «Ընդդեմ իրավական կամայականության» /ԸԻԿ ՀԿ/ հասարակական կազմակերպության եւ ՕՔՍՖԱՄ Հայաստանում միջազգային կազմակերպության կողմից համատեղ: Միջոցառմանը միանալու են մարդու իրավունքների գործիչներ «Երիտասարդություն հանուն Արդարության», ինչպես նաեւ Քաղաքացիական Հասարակության Համագործակցության Ցանցի կազմակերպությունները:
Միջոցառման շրջանակներում հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվելու է նաեւ ստորագրահավաք: Աջակիցները եւ հասարակության անդամները խրախուսվում են մասնակցելու միջոցառմանը:
Նույն օրը Երեւանի «Շենգավիթ» վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի քսանից ավելի երեխաները նույնպես համախմբվելու են եւ հանդես են գալու հանրային ելույթով: «Պայքարենք հանուն մեր իրավունքների» կարգախոսով պարի խումբը իրենց պարային բեմադրությամբ մարդկանց ուշադրությունն է հրավիրելու ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի եւ այդ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների գործունեության կարեւորության վրա:




























