Եգիպտոսում  դատական նոր գործընթաց է սկսվել «Մահմեդական եղբայրներ» միավորման առաջնորդների նկատմամբ 2013թ.-ի ամռանը Եգիպտոսի մայրաքաղաքում անկարգությունների ժամանակ ցուցարարների սպանությունների հրահրման գործի առթիվ: Սակայն դեռ չսկսված, դատական գործընթացը հետաձգվել է երկու ամսով՝ մինչեւ փետրվարի 11, որպեսզի մեղադրող կողմին հավելյալ ժամանակ տրամադրեն իրենց վկաներին նախապատրաստելու համար:

Մեղադրվողների թվում է «եղբայրների» հոգեւոր առաջնորդ Մուհամեդ Բադիան ու իսլամիստների ղեկավարության եւս 14 ներկայացուցիչ: Նրանք մեղադրվում են այս տարվա հուլիսին անկարգություններ հրահրելու մեջ, որոնց զոհ էր գնացել ինը մարդ: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ամբաստանյալները դատավարության ժամանակ իրենց բավական հանդուգն էին դրսեւորում, անընդհատ վանկարկում էին հակակառավարական կոչեր, վիրավորանքներ  բանակի եւ դատարանի հասցեին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Զուգահեռ Կահիրեում մեկ այլ քրեական գործ է քննարկվում՝ հականախագահական զանգվածային ելույթների ընթացքում հունիսի 30-ին մայրաքաղաքի Մուքաթամի շրջանում իսլամիստների շտաբ-բնակարանի մոտ բախումների ժամանակ ցուցարարների սպանության հրահրման գործի առթիվ: Գլխավոր մեղադրյալները դարձյալ «Մահմեդական եղբայրների» ղեկավարներն են: Այս գործի առթիվ հերթական դատավարությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: