Հայաստանի Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը: Նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Քննարկելով Հանրային խորհրդի համապատասխան աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթուղթը, Հանրային խորհրդին ուղղված բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումները եւ դրանցում առկա դժգոհությունները, մտահոգություններն ու առաջարկությունները՝ Հանրային խորհուրդը վերահաստատել է իր մոտեցումներն օրենքում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Խիստ մտահոգություն հայտնելով օրենքի կիրառման հետեւանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առումով, միաժամանակ բարձր գնահատելով այն դրական միտումները, որ ընկած են քննարկվող օրենքի հիմքում, ինչպես նաեւ ՀՀ նախագահի որդեգրած սկզբունքը, ըստ որի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարծիքը՝ Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ նախագահին եւ ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի եւս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները: