Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։
NEWS.am-ը այս անգամ ներկայացնում է Extra Version-ի «Սուլթան Աբդուլ Համիդը սերը բրդուճի նկատմամբ եւ բրդուճագործության ոլորտի պատմությունը» երգիծական հրապարակումը։
«Ֆաթիհ Մեհմեդից, Սուլեյման Ահեղից ավելի մեծ փադիշահ սուլթան Աբդուլ Համիդը իր պապերի կողմից հայտնաբերած բրդուճի հանդեպ սեր է ունեցել եւ բրդուճագործությունը դարձրել է սննդարդյունաբերության ոլորտ։ Աբդուլ Համիդը ամեն ինչ միայն բրդուճի ձեւով էր ուտում։
Ափսեի մեջ հաց ուտելը ամենամեծ մեղքերից մեկն է։ Ինչո՞ւ։ Դու Ալլահի տված ուտելիքը ամբողջության մեջ չես տեսնում եւ այն մաս-մաս անելով ես ուտում։ Դա նշանակում է, որ դու Ալլահի ուտելիքի մեջ խտրականություն ես դնում կտորների միջեւ, դրա համար ափսեով ուտելը հարամ է։ Ուտելու ժամանակ դանակ եւ պատառաքաղ օգտագործելն էլ հարամ է։ Մեր Մուհամեդ մարգարեի ժամանակ դանակ եւ պատառաքաղ կա՞ր։ Բրդուճ անելով՝ Ալլահի ուտելիքի բոլոր մասերը մի հացի մեջ հավաքում եւ առանց կտորների միջեւ խտրականություն դնելու, ուտում ես։ Այդ իսկ պատճառով բրդուճը «հալալ» ուտելիք է։
Աբդուլ Համիդի ձեռքից էլ բրդուճն անպակաս էր։ Նրա ձեռքում միշտ բրդուճներ կար։ Աբդուլ Համիդը բրդուճները պատրաստել էր տալիս ոչ միայն մսով, այլ նաեւ լոբով, իմամ բայիլդիով եւ նույնիսկ ապուրով եւ ուտում էր։ Աբդուլ Համիդը Ֆրանսիան նվաճելուց հետո Էյֆելյան աշտարակի դիմաց բրդուճ ուտելու պահին լուսանկարվել է։ Դա էլ ամենամեծ ապացույցներից է նրա սերը բրդուճի նկատմամբ։
Քեմալականները իշխանության գալուց հետո արգելեցին բրդուճագործությունը եւ սկսեցին սերվիսով ուտել, այսինքն, ափսեի մեջ։ Երբեւէ տեսե՞լ եք Մուսթաֆա Քեմալի ձեռքի մեջ բրդուճ։ Ամեն անգամ ափսեով է ուտում։ Ահա, դա էլ բրդուճի դեմ նրա թշնամանքի ապացույցն է»,-նշվել է երգիծական հրապարակման մեջ։





























