Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան Սուրբ ծնունդը սովորաբար դիմավորում է ընտանիքի հետ միասին:
«Իմ ընտանիքը, որպես կանոն, այդ առթիվ միասին կհավաքվի: Մենք այդ ժամանակ փորձում ենք մտածել հոգեւոր իմաստի մասին, որն իր մեջ կրում է Սուրբ Ծնունդը: Եւ, իհարկե, մենք կրոնական ծառայության ենք գնում ամսի 25-ին»,- NEWS.am-ի թղթակցին պատմել է դեսպանը:
Նրա խոսքով՝ Արգենտինայում Սուրբ Ծնունդը դիմավորում են ընտանեկան սեղանի շուրջ դեկտեմբերի 24-ին: Կեսգիշերին ընդունված է կենաց ասել, իսկ երեխաները բացում են նվերները: Հավատացյալ ընտանիքները պարտադիր դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան կամ դեկտեմբերի 25-ի առավոտյան եկեղեցի են գնում:
«Լավագույն մաղթանքներս հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը գալիք տարում»,- ասել է դեսպանը:





























