Ամանորի գիշերը ռեստորաններում խոստանում են տոնական շոու ծրագրեր, երգելու են շոու բիզնեսի երգիչ, երգչուհիները, իսկ գները տատանվում են 10-100 հազար դրամի շրջանակներում: NEWS.am-ի թղթակիցը հարցախույց է անցկացրել մի շարք ռեստորանների շրջանում՝ պարզելու, թե ովքեր են Ամանորի գիշերը ելույթ ունենալու իրենց մոտ եւ ինչ արժե այնտեղ երեկոն անցկացնելը:
Այսպես, դեկտեմբերի 31-ի երեկոյան ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում ելույթ է ունենալու Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Եվա Ռիվասը, «Վիտամին» ակումբը, «Փարավոն» համույթը, այստեղ երեկոն անցկացնելը, կախված, թե քանի անձով եք գնալու, կազմում է 60-100 հազար դրամ, որի մեջ մտնում է ամանորյա տոնական սեղանը եւ շոու ծրագիրը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում Ամանորի գիշերը ելույթ են ունենալու Լեյլա Սարիբեկյանը, Սիլվա Հակոբյանը, Թաթուլը, սպիտակցի Հայկոն, ապարանցի Ջոնիկը, ապարանցի Դավոն, Սարոն: Այստեղ մեկ անձի համար միայն մուտքն արժե 10 հազար դրամ, մնացածը՝ ըստ պատվիրածի:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանին պատկանող «Բելաջիո» ռեստորանում Ամանորին ելույթ է ունենալու Արսեն Գրիգորյանը, Մարտին Մկրտչյանը, Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Աննա Խաչատրյանը, «Բելաջիո» համույթը, այստեղ մեկ անձի համար գումարը սկսվում է 45 հազար դրամից, որի մեջ մտնում է նաեւ մենյուն: «Արքայաձոր» ռեստորանային համալիրում դրսից երգիչներ չեն հրավիրելու, Ամանորին այստեղ ելույթ կունենա իրենց երաժշխատխումբը՝ Լայանան, Արմեն Դավթյանը, Գագիկ Համբարձումյանը, Հովիկ Ավետիսյանը, մուտքավճարը 15 հազար դրամ է, որի մեջ մենյուն չի մտնում: Իսկ «Ֆլորենցիա» ռեստորանում Ամանորին մուտքավճարը 20 հազար դրամ է, ելույթ են ունենալու շոու բիզնեսի ներկայացուցիչներ: «Հավանա» ռեստորանում էլ Ամանորին ելույթ է ունենալու Էրիկը, Նարեկ Բավեյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Վարդան Բադալյան, Արմոն, Կարեն Մովսիսյանը, Թամարա Ժամհարյանը. Ռուզաննա Անդրեասյան, այստեղ մեկ անձի համար մուտքն արժե 25-27 հազար դրամ, դրա մեջ միայն մտնում է շամպայնը, մենյուի համար պետք է վճարել առանձին:
«Յանս» ակումբում Ամանորի գիշերը ելույթ է ունենալու «Ռեինկարնացիա» խումբը, Արամ MP3-ն: Այստեղ մեկ անձի համար մուտքն արժե 70-80 հազար դրամ, որի մեջ մտնում է շամպայն եւ մրգի հյուրասիրություն:
Ինգա Մարտինյան





























