2013թ. աշխարհում առեւանգված լրագրողների թիվը ավելի քան կրկնակի ավելացել է, հայտնում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը:
Կազմակերպության ամենամյա զեկույցում ուշադրություն է դարձվում լրատվամիջոցների առեւանգված ներկայացուցիչների թվի ավելացմանը. 87 դեպք՝ նախորդ տարվա 38-ի փոխարեն: Բացի այդ, 9%-ով (մինչեւ 2,16 հազար) ավելացել է հարձակումների եւ լրագրողների հասցեին սպառնալիքների թիվը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկ տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում 71 պրոֆեսիոնալ եւ 39 քաղաքացիական լրագրող եւ բլոգեր է սպանվել: Այս թիվը մի փոքր պակաս է նախորդ տարվա ցուցանիշից՝ համապատասխանաբար 88 եւ 47:
Զեկույցի համաձայն՝ լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են Սիրիան, Հնդկաստանը, Պակիստանը, Սոմալին եւ Ֆիլիպինները:
Միայն Սիրիայում տարեսկզբից ի վեր 10 պրոֆեսիոնալ եւ 35 քաղաքացիական լրագրող է զոհվել:
Բացի այդ, մասնագիտական գործունեության համար ներկայումս անազատության մեջ են գտնվում 178 լրագրողներ, որոնց մեծ մասը պատիժ են կրում Չինաստանի, Էրիթրեայի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի բանտերում:





























