Կապանի քննչական բաժանմունքը փորձում է նենգափոխելով գործի փաստերը՝ արդարացնել Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի որդուն՝ Էմին Գրիգորյանին, որը հունիսի 2-ի վաղ առավոտյան, վարելով իր Volkswagen մակնիշի 51 TN 111 պետհամարանիշի ավտոմեքենան՝ վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով նրա մեքենայի ուղեւոր, 22-ամյա Կարեն Ղազարյանը մահացել էր: Այս մասին NEWS.am-ին ասաց Կարենի հայրը՝ Սերգեյ Ղազարյանը՝ նշելով, որ Էմինը իր վիրավոր որդուն անօգնական թողել է դեպքի վայրում ու փախուստի դիմել։
«Ինչ որ վկաներ են գտել, որ իբր Էմինը ավարիայից հետո մնացել ա ու օգնել Կարենին, տարել հիվանդանոց, բայց նման բան չի եղել. ընդամենը 15 րոպե անց ես էնտեղ եմ եղել, տղաս ընկած էր անօգնական, ոչ մեկը չկար, որ օգներ: Ես եմ տարել հիվանդանոց: Ո՞նց եղավ, որ էսքան վկա հայտնվեց»,- ասաց Կարենի հայրը։
Վերջին հարցը Սերգեյ Ղազարյանը դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ ուղղել է նաեւ մեղադրյալ Էմին Գրիգորյանին ու վկաներին։
«Պատասխան չկար. ի՞նչ պիտի ասեին. սաղ սարքած ա»,- ասաց Կարենի հայրը։
Նրա խոսքով՝ նախաքննական մարմինն ամեն ինչ փոխել է. Էմինը հարբած է եղել, մեքենան վարել է 180 աստիճան արագությամբ. «Էմինի խմածությունը դիտմամբ ստուգել են 4-5 ժամ հետո, որ հանկարծ խմածությունը չերևա, իսկ արագության մասին էլ չասեմ. ահավոր արագ ա եկել»,- նշեց նա:
Միևնույն թաղամասում մեծացած Էմինն ու Կարենը մտերիմ ընկերներ են եղել. վթարի օրն էլ վերադարձել են գիշերային ակումբից. «Սթրիփթիզից էին գալիս, որ ավարիան եղավ. դե պատկերացրեք՝ ինչքան խմած ա եղել»:
Կարենի հուղարկավորությանն ու ինքնահողին Էմինն ու հարազատները մասնակցել են, սակայն դրանից հետո ոչ մի անգամ չեն այցելել ու չեն ցավակցել Ղազարյանների ընտանիքին։ «Իրանք չեն էլ ուզում հաշտվել, ես՝ առավել ևս: Գնալու եմ մինչև վերջ, մինչև արդարությունը հաղթի»,- ասաց մահացածի հայրը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել էր մայթեզրին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղևոր 22-ամյա Կարեն Ղազարյանը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել էր փախուստի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը Կապան քաղաքի բնակիչ 23-ամյա Էմին Գրիգորյանն է, ով բերման է ենթարկվել ու տվել խոստովանական ցուցմունք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Դատական հաջորդ նիստը կկայանա 2014 թ. հունվարի 15-ին:





























