Վրաստանի քաղաքացիների համար վիզային քաղաքականության հնարավոր փոփոխությունը, որի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դրական կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
«Դրական եմ գնահատում Ռուսաստանի նախագահի պատրաստակամությունը՝ Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- ասվում է Գարիբաշվիլիի հայտարարության մեջ: Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսությունը, որ վերսկսվել էր անցած տարի, վրացական կողմի նախաձեռնությամբ, արդեն պրակտիկ արդյունքներ է գրանցել, հաղորդում է «Նովոստի֊Գրուզիան»:
«Մենք ցանկանում ենք շարունակել այդ երկխոսությունը եւ քայլ առ քայլ հասնել բարդ ու նուրբ խնդիրների լուծմանը»,- նշել է Վրաստանի վարչապետը:





























