Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վաղինակ Գեւորգյանը: Նրա խոսքով՝ Թամամյանն արդեն տուն է ուղեւորվել: Փաստաբանը նշեց, որ Թամամյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել, իսկ նրա պատժաչափի լրանալուն մնացել էր 10 ամիս:
Հիշեցնենք, որ համաներման արդյունքում Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի պատժաչափը կրճատվել էր 4 ամսով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 2011-ի սկզբին 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին: Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվել են 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:





























