Դեկտեմբերի 20-ին Արարատի մարզի Հնաբերդ գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Վարսիկ Եղիազարյանը նույն գյուղի գյուղապետ Մարատ Պողոսյանի ընկերոջ քույրն է, ոչ թե սիրուհին, ինչպես ավելի վաղ NEWS.am-ին ասել էին դպրոցի ուսուցիչները։ Այս մասին NEWS.am-ին ասաց Մարատ Պողոսյանը. «Դա սուտ խոսակցություն է: Չի կարող նման բան լինել: Ես ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա, ընդամենը 40 տարեկան եմ, իսկ Վարսիկը մոտ 50 տարեկան է, մեծ երեխաներ ունի: Հիմա ո՞նց ես տուն գնամ, ո՞նց նայեմ իմ երեխեքին»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետն ասաց, որ այսօր առավոտյան է իմացել, որ նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանը հեռացվել է պաշտոնից, և նրա փոխարեն տնօրենի պաշտոնակատար է նշանակվել հարևան Այգեստան գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարսիկ Եղիազարյանը. «Ես չգիտեմ, թե Անժելա Մեջլումյանին ինչու են գործից հանել. ինչ որ ստուգողներ էին եկել, որից հետո էլ նրան հանեցին: Վաղն առավոտյան նոր պարզաբանում են տալու»: Հիշեցնենք, որ ուսուցիչները մեզ հետ զրույցում ասել էին, որ դպրոցի նախկին տնօրենին հեռացրել են «գյուղապետի և փոխմարզպետի կազմակերպած բանսարկության արդյունքում»։

Մարատ Պողոսյանը պատմեց, որ լավ հարաբերություններ ունի ուսուցչական կոլեկտիվի հետ, և չի հասկանում, թե ով է նման բան ասել. «Նոր մի քիչ առաջ մտա դպրոց, տնօրենն էլ էր էնտեղ, հարցրի` ով է նման բան ասել, ասեցին` ոչ մեկս նման արտահայտություն չենք արել»:

Գյուղապետը որոշել է դիմել դատարան` իրեն զրպարտելու և վիրավորելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին խմբագրություն էին զանգահարել Հնաբերդի դպրոցի ուսուցիչներից մեկը, որը խնդրել էր չհրապարակել իր անունը, և հայտնել էր, որ դպրոցի տնօրեն Անժելա Մեջլումյանին աշխատանքից անհիմն հեռացրել են և դպրոցի տնօրենի պաշտոնակատար են նշանակել Վարսիկ Եղիազարյանին, որը ուսուցչի խոսքով՝ գյուղապետ Պողոսյան Մարատի սիրուհին է։