ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով ազատ է արձակվել ու մեկնել Գերմանիա, հայտնել է, որ ներման խնդրանքով ՌԴ նախագահին  է դիմել ընտանեկան հանգամանքներից ելնելով: Նա հավելել է, որ իր մեղքն ընդունելու հարց չի դրվել:

«Նոյեմբերի 12-ին ես ներման խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով եւ ուրախ եմ դրական որոշման համար: Մեղքն ընդունելու հարց չի դրվել»,-ասված է Խոդորկովսկիի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա եւ Պլատոն Լեբեդեւի մամուլի կենտրոնի կայքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Խոդորկովսկին շնորհակալություն է հայտնել բոլորին, որոնք հետեւել են ՅՈՒԿՕՍ-ի գործին. «Ես շատ եմ սպասում այն րոպեին, երբ կկարողանամ գրկել իմ հարազատներին եւ անձամբ սեղմել իմ բոլոր ընկերների ու գործընկերների ձեռքը»: