Իսրայելական Բաթ-Յամ քաղաքում դեկտեմբերի 22-ին ահաբեկչության փորձ է կատարվել ուղեւորատար ավտոբուսում: Պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ ոստիկանության սակրավորները ուսումնասիրել են այն: Միջադեպի հետեւանքով սակրավորներից մեկը թեթեւ վնասվածք է ստացել:

Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսի սրահում թողած պայուսակին ուշադրություն է դարձրել վարորդը: Նա իջեցրել  է ուղեւորներին, հետո իրավապահներին հաղորդել է կասկածելի առարկայի մասին, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Նախքան սակրավորների ժամանումը՝ ոստիկանները փակել են փողոցը՝ ուղեւորներին եւ անցորդներին տեղափոխելով անվտանգ հեռավորության վրա: Վարկածներից մեկի համաձայն՝ խոսքն ահաբեկչության փորձի մասին է: Ոստիկանությունը հետախուզում է ենթադրյալ ահաբեկչին: