Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության 2-րդ ալիքին պատրաստվող եւ դեկտեմբերի 26-ին հետաքննվող գործից հեռացված Ստամբուլի դատախազ Մուամեր Աքքաշը հայտարարել է, թե ոստիկանապետերը հանցանք են գործել՝ չկատարելով դատարանի հրահանգը, իսկ իրեն որպես դատախազ արգելել են զբաղվել իր կողմից իրականացվող հետաքննությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Ստամբուլի դատախազներից Մուամեր Աքքաշը հայտարարություն է տարածել իրեն իր կողմից հետաքննվող գործից հեռացնելու եւ ոստիկանության կողմից դատարանի որոշումը չկատարելու հետ կապված։

«Թող բոլոր իմ գործընկերները իմանան, որ որպես դատախազ ինձ արգելել են զբաղվել այն գործի հետաքննությամբ, որն իրականացնում եմ։ Բացի այս, ոստիկանությունը հանցանք է գործել՝ չկատարելով դատարանի որոշումները՝ նպաստելով կասկածյալների փախուստին եւ ապացույցների ոչնչացմանը»,-հայտարարել է դատախազը։

Նշենք, որ  Մուամեր Աքքաշը հետաքննում էր  «Մեծ կաշառք» գործով հաջորդ դոսյեն, որում խոշոր անօրինականությունների մեջ մեղադրվում են 30 բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր կասկածվում են մինչեւ 100 մլրդ դոլարի անօրինական գործարքներ կատարելու մեջ։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուամեր Աքքաշից վերցվել էր այդ դոսյեն եւ հանձնվել Ստամբուլի դատախազի տեղակալ Օքթայ Էրդողանին։

Հիշյալ գործով խուզարկություններն ու ձերբակալությունները պետք է սկսվեին դեկտեմբերի 25-ին, սակայն ոստիկանները հրաժարվել էին իրականացնել դատարանի հրահանգը՝ պատճառաբանելով, թե հրահանգում թերի կետեր կան։