Պռոշյանցի Պետրոսյանների ընտանիքում այս Ամանորն ամենաուրախն է լինելու, 2012թ ձերբակալված Արտակ եւ Արայիկ Պետրոսյանները ամիսներ անազատության մեջ անցկացնելուց հետո վերջապես ընտանիքի հետ են լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պետրոսյանների հայրը՝ Արշալույս Պետրոսյանը:
Նա նշեց, որ իրենց համար անակնկալ էր 9 ամիս կալանքի տակ տակ գտնվող որդու ազատ արձակումը, արդեն պատրաստվում էին դեկտեմբերի 26-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ ցույց անել, երբ տեղեկացան, որ պաշտպանը գնում է նրան ազատ արձակելու: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց Արայիկ Պետրոսյանին դիմավորել են ընկերները եւ ավելի վաղ համաներմամբ ազատ արձակված եղբայրը՝ Արտակ Պետրոսյանը: Ընտանիքը, հարազատները նրան սպասում էին տանը: Արշալույս Պետրոսյանը վստահ է, որ արդարություն կա, պարզապես երբեմն այն հիվանդանում է, բայց չի մահանում:
Հոր խոսքով՝ հարազատների ուրախությունը անպատմելի էր, Արայիկինը՝ եւս: «Երեխու արյունը քաշեց, անմիջապես հոր մոտ գնաց, ձեն էլ չհանեց»,- պատմեց Արշալույս Պետրոսյանը՝ հավելելով, որ երեխայի ծնվելուց օրեր անց Արայիկ Պետրոսյանին կալանավորել էին:
Պետրոսյանները չեն պատրաստվում բողոքներ գրել, «մենք բողոք գրող մարդիկ չենք, ով անարդար է վերաբերել, ով սխալ քայլ է կատարել մեր նկատմամբ, թող վերեւը Աստծուց պատիժ կրեն, ոստիկանության անփույթ աշխատանքի արդյունք էր, որ անմեղ մարդը հենց այնպես գնաց նստեց, բայց վերեւը Աստված կա, դատախազը ուսումնասիրեց գործը, տեսավ, որ ոչ մի հիմքեր չկան, այդ մարդը անմեղ է եւ բաց թողեց»: Նա նշեց, որ երբեք հույսը չի կորցրել, որ իր որդին մի օր ազատ կարձակվի, քանի որ վստահ էր, որ նա անմեղ է:
Արշալույս Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ Արայիկ Պետրոսյանը այցելելու է Պռոշյանի սպանված գյուղապետի Հրաչ Մուրադյանի ընտանիքին:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Նրա դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում էին, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա դեկտեմբերի 25-ին դուրս է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:





























