Ամանորյա օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին:
Աղցանները հարկավոր է պատրաստել քիչ քանակներով եւ միայն մատուցելուց առաջ համեմել մայոնեզով եւ թթվասերով, բացի այդ պետք է զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը անհրաժեշտ է կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:
Խորհուրդ է տրվում սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը 70 աստիճանից բարձր: Պետք է պահպանել կիսապատրաստվածքների, հում եւ պատրաստի սննդամթերքի պահպանման հարեւանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:
Բացի այդ, պատրաստի սննդամթերքը սառնարանում պահել 72 ժամից ոչ ավելի:
Պետք է զգոն լինել եւ սննդամթերքի համային հատկությունների եւ արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գունափոխություն եւ այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:
Սնունդ պատրաստելուց եւ ընդունելուց առաջ ձեռքերը պետք է լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր, իսկ կրեմային հրուշակեղեն պատրաստելիս` նախօրոք լվանալ հավկիթները:
Խորհուրդ ենք տալիս չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքի եւ ալկոհոլի օգտագործումը, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
Սունկը գնել միայն շուկայից եւ խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
Խորհուրդ չի տրվում երեխաներին եւ հղի կանանց սննդում օգտագործել սունկ եւ տնային պայմաններում պատրաստված պահածոներ: Միեւնույն ժամանակ, պետք է խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:
Տոնական օրերին խորհուրդ է տրվում սահմանափակել տապակած կերակրատեսակները, ալկոհոլի օգտագործումը ճարպոտ սննդի հետ, քանի որ ալկոհոլը դանդաղեցնում է ճարպերի քայքայումը օրգանիզմում, ընկճում (արգելափակում է) կենդանական սպիտակուցը քայքայող ֆերմենտի ակտիվությունը, որը դժվարանում է մարսողությունը եւ սննդի յուրացումն օրգանիզմի կողմից: Արդյունքում սկսվում է մսի խմորումը աղիներում: Ինչքան երկար ժամանակ ալկոհոլը մնա ստամոքսում, այնքան ալկոհոլդեհիդրոգենազան քիչ կքայքայի այն, քանի որ ալկոհոլի ընդամենը 20% է քայքայվում ստամոսքսում, հետեւաբար ալկոհոլի յուրացումը նույնպես կնվազի:
Խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, քնելուց առաջ` երեկոյան, մրգեր:
Բացի այդ, պետք է իմանալ, որ անհամատեղելի են ալկոհոլի հետ քացախը, կաթնաթթվային մթերքը, պանիրը:
Խորհուրդ չի տրվում յուղոտ միսը, ձուն, պանիրը, ընկույզը օգտագործել կարագի, թթվասերի, բուսական յուղի հետ, քանի որ ճարպը ընկճում է ստամոքսի գեղձերի ֆունկցիան, ինչի արդյունքում նվազում է ստամոքսահյութի արտադրությունը մսի, ձվի եւ ընկույզի մարսողության ժամանակ:
Խուսափեք նաեւ թթու մրգերը, լոլիկը օգտագործել մսի, ընկույզի եւ պանրի հետ:
Խորհուրդ չի տրվում շաքար պարունակող սնունդը օգտագործել օսլա պարունակող սննդի հետ: Օրգանիզմում տեղի է ունենում խմորման պրոցեսներ, որի հետեւանքով բարձրանում է ստամոքսի թթվայնությունը, հնարավոր է վքնածություն եւ մարսողության այլ խանգարումներ:
Բացի այդ, առաջարկում ենք խուսափել տապակած կերակրատեսակներ օգտագործելուց, օգտագործեք սննդամթերքը խաշած վիճակում:





























