Երեւանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի եւ սպորտի խորհրդի նիստը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նիստի օրակարգային հարցը վերաբերել է 2014 թվականին Երեւան քաղաքում թեքահարթակների կառուցման մինչմրցութային հարցերի հաստատմանը։ Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Նախորդ տարի Երեւանի քաղաքապետի ներկայացմամբ Երեւանի ավագանին  հաստատեց բյուջե, որտեղ 20 մլն դրամ հատկացված էր մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը։ 2014 թվականի արդեն հաստատված բյուջեում, դարձյալ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, 40 մլն դրամ է հատկացված ծրագրին։ Վստահ եմ, որ քաղաքապետարանի այս մոտեցումը շարունակական է լինելու, եւ արդյունքը տարեցտարի ավելի ակնառու կլինի»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։

Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է մի քանի մշտադիտարկումների ու քննարկումների արդյունքում ձեւավորված ցուցակը, որն ընդգրկում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այն փողոցների մայթերի ու շինությունների 175 հասցեները, որտեղ 2014 թվականին թեքահարթակներ են կառուցվելու։

Երեւանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի եւ սպորտի խորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն հաստատել են մինչմրցութային նախնական ցուցակը քաղաքապետին ներկայացնելու առաջարկը։