Ֆիլմի նկարահանման մեկնելու ժամանակ դերասանների վթարի ենթարկվելու առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Նրանց փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել էր ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:), առայժմ մեղադրյալներ չկան: Նշանակված է դատավտոտեխնիկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո՝ պարզ կլինի՝ վարորդը մեղավորություն ունի, թե ոչ:
Հիշեցնենք, որ Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի էին ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արարատի բաժնից հայտնել էին, որ սահմանային դրվագ նկարահանելու նպատակով դերասանների խմբի՝ տաքսի ծառայության մեքենաներով մեկնած մի մեքենան վթարի է ենթարկվել:
34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել էր ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել էր, իսկ Արամ Փիլոսյանը մահացել էր հիվանդանոցում մի քանի օր մնալուց հետո: Անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:




























