«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության ժամանակ ընթացակարգի կոպիտ խախտումը եւ առաջարկում է այն չեղյալ համարել։

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը դատապարտում է ատենախոսությունների պաշտպանությունների ընթացակարգի հրապարակայնությանը վերաբերող` ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահանջների կոպիտ խախտումը 26.12.2013 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդում հայցորդ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության ժամանակ։ ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովին առաջարկվում է չեղյալ հայտարարել տվյալ պաշտպանությունը և նշանակել ատենախոսության կրկնական քննարկում` ԲՈՀ-ի սահմանած պայմանների համաձայն», - ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

Նախաձեռնությունը նաեւ հիշեցնում է բեկանումից հետո նոր պաշտպանության պարտադիր պայմանները, որոնք  թվարկված են ԲՈՀ-ի 13.06.2012թ. նիստում ընդունված հանձնարարականում. «ՀՀ ԲՈՀ-ում բեկանված աշխատանքների դեպքում նոր պաշտպանությունը կազմակերպել հետևյալ պարտադիր պայմանների առկայության դեպքում. ա/ համապատասխան գիտական կազմակերպության կողմից ատենախոսության թեմայի հաստատման կամ վերահաստատման քաղվածք, բ/ ատենախոսության առնվազն 25-30 % -ի չափով վերափոխված տարբերակ, գ/ հրատարակված նոր հոդվածներ, դ/ պաշտպանությունը կազմակերպել բեկանումից ոչ շուտ, քան մեկ տարի անց»: