Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին սյունակագիր Սեւան Նիշանյանը, ով 2014-ի հունվարի 3-ից պատիժ է կրում Թորբալըի բանտում, ինտերնետի միջոցով բանտի գրադարանի համար գրքահավաք է կազմակերպել։
Սեւան Նիշանյանն իր Twitter-ի էջից հունվարի 5-ին թողել էր հետեւյալ գրությունը. «Թորբալըի բանտի գրադարանին մարդ դարձնելու համար ձեր օգնության կարիքն ունենք։ Հատկապես սպասում ենք հրատարակիչ ընկերների օգնությանը»։
Իսկ արդեն հունվարի 8-ին նա Twitter-ում գրություն է թողել, որ թեեւ 500 գիրք ստացել են, սակայն ավելի շատ գրքի կարիք կա։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի վերջին վճռաբեկ դատարանը հաստատել էր դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ:
Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է 2 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:
Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։




























