Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ռուսաստանը լքելու փորձի ժամանակ ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյան, որը մեղադրվում է 125 հազար դոլար յուրացնելու մեջ։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված: 

Հաղորդվում է, որ հայրենիքում ձերբակալվածի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ խարդախ գործողությունների կասկածանքով: 

Ըստ իրավապահ մարմինների տեղեկության՝ 2010թ. նա, լինելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյա, կեղծել է հաշվապահական փաստաթղթեր: Գերատեսչությունից կորել է շուրջ 125 հազար դոլար:

Փախչելով քննությունից՝ կասկածյալը 2011թ. անցել է ռուս-ադրբեջանական սահմանը՝ այլ անվամբ եւ կեղծ փաստաթղթերով: Ավելի ուշ ադրբեջանցի նախկին պաշտոնյան տեղափոխվել էր Իրկուտսկի մարզի գյուղերից մեկը:

Կալանավորը գտնվում է քննչական մեկուսարանում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: