Ավիավթարի արդյունքում զոհված Լեհաստանի նախագահի կնոջ՝ Մարիա Կաչինսկայայի մարմինը ճանաչվել է Մոսկվայում։ Այս մասին, ինչպես գրում է լեհական Wiadomosci թերթը, հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յացեկ Սասինը։

Նրա խոսքով, Մարիա Կաչինսկայայի մարմնով դագաղը կարող է Վարշավա հասցվել արդեն ապրիլի 13-ի կեսօրին՝ Լեխ Կաչինսկու հետ հրաժեշտի օրը։

Լեհաստանի նախագահի եւ նրա տիկնոջ թաղման արարողությունը տեղի կունենա շաբաթ՝ ապրիլի 17-ին։

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահի ինքնաթիռը Սմոլենսկի մոտակայքում վթարի էր ենթարկվել ապրիլի 10-ին։ Ավիավթարի արդյունքում զոհվել էին Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը, կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք։ Ճշտված տվյալներով, ավիավթարի արդյունքում զոհվել էր 96 մարդ։ Նախագահի մարմինը Վարշավա էր տեղափոխվել ապրիլի 11-ին։