Ղրղզստանի ժամանակավոր կառավարությունը՝ Ռոզա Օթունբաեւայի գլխավորությամբ, ապրիլի 12-ին որոշում է ընդունել անձեռնմխելիությունից զրկել երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւին։ Այս մասին, ինչպես հայտնում է АКИpress-ը, ապրիլի 13-ին հայտարարել է ժամանակավոր կառավարության անդամ Ազիմբեկ Բեկնազարովը։

Նա հստակեցրել է, որ Բակիեւին անձեռնմխելիությունից զրկելու որոշման հիման վրա վերջինիս ձերբակալելու իրավունք կտրվի։ «Ինտերֆաքսի» տեղեկացմամբ, դատարանը գործող նախագահի եղբորն եւ կրտսեր որդուն ձերբակալելու որոշում արդեն իսկ կայացրել է։

«Մենք սպասում էինք նրան, բայց նա Ջալալաբադում ցույց է անցկացնում»,- հայտնել է Բեկնազարովը՝ նշելով, որ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել։

«Եթե Բակիեւը մինչեւ կեսօր չգա, մենք նրան կձերբակալենք հատուկ ծառայությունների օգնությամբ»,- ավելացրել է ժամանակավոր կառավարության անդամը։