«Սարգսյան-Էրդողան հանդիպումը բոլոր կողմերի՝ այդ թվում եւ ԱՄՆ-ի համար, մարտավարական նշանակություն ունեցող հերթական, միջանկյալ հանդիպում էր. պարզապես այդ մարտավարական նպատակներն իրենց կշռով շատ տարբեր են»,- ապրիլի13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ մեկնաբանելով երեկ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Համոզմունք հայտնելով, որ արդեն մայիսին հայ-թուրքական գործընթացում կարելի է նոր զարգացումներ ակնկալել, նա միեւնույն ժամանակ չբացառեց, որ հաշտեցման գործընթացը կարող է դանդաղել, եւ դրանում կարող են ներգրավել նոր տարրեր. «Եթե ԱՄՆ ցցուն ներկայությունը չօգնի գործընթացի առաջ շարժվելուն, ապա դրանում նոր օրակարգով կարող են հանդես գալ Ռուսաստանն ու Իրանը»,- նկատեց ԼՂՀ նախկին պաշտոնյան։

Նրա խոսքով, այն, որ Սարգսյան-Էրդողան հանդիպումից հետո կողմերը հանդես չեկան համատեղ հայտարարությամբ, փաստում է, որ դիրքորոշումներն ավելի են կոշտացել.

«Երեկ ծաղիկներ դնելով ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին, ով գծել էր Հայաստանի համար այնքան ցանկալի սահմանները, ՀՀ իշխանությունները խորհրդանշական իմաստով փորձեցին ցույց տալ Թուրքիային եւ հայ հանրությանը, որ հանդես են գալիս եւ հանդես են գալու կոշտ դիրքերից»,- նշեց Ա. Մելիքյանը՝ պատահական չհամարելով, որ Հայաստանում հաճախակիացել են արձանագրություններից հայկական կողմի ստորագրությունները հետ կանչելու կոչերը. «Հայ-թուրքական գործընթացն իր տրամաբանությամբ առեղծվածային է, եւ եթե լինի այնպես, որ հայկական կողմն արձանագրություններից հետ կանչի իր ստորագրությունները, Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի կվատանան»,- ընդգծեց նա։

Ամփոփելով՝ Ա. Մելիքյանը կարծիք հայտնեց, որ մինչեւ ապրիլի 24-ը հայ-թուրքական արձանագրությունները հազիվ թե վավերացվեն։

Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։