Ապրիլի 12-ին ժամը 19-ի սահմաններում ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Սոլակ գյուղի սելավատարում և Քաղսի գյուղի միջով անցնող ջրանցքում ջրի մակարդակը բարձրացել է, և ջուրը լցվում է մոտակա բնակելի տները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից, դեպքի վայրեր է մեկնել մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը:

Տեղում պարզվել է, որ հեղեղումից գոյացած ջրերը լցվել են Սոլակ գյուղի 4 և Քաղսի գյուղի 20 տները: Սոլակի բնակիչների ուժերով մաքրվել է սելավատարի հունը, ջրի հոսքը դեպի տները` դադարեցվել: Վնասների չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով: