Կենտրոնական Ամերիկայի երկրների վրա հասած արեւադարձային «Ագաթա» փոթորկի արդյունքում 83 մարդ է զոհվել Գվատեմալայում, Սալվադորում եւ Հոնդուրասում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քամու առավելագույն արագությունը մայիսի 30-ին կազմել է ժամում 80 կմ:

Տարերքից տուժած տարածքներում տարհանվել են ավել քան 70 հազար ընտանիքներ, հաղորդում է BBC-ն: Փոթորիկը ավերել է ճանապարհներն ու կամուրջները, գետերը դուրս են եկել ափերից եւ հեղեղել ցածրադիր բնակավայրերը: Մի քանի տեղ սողանքներ են եղել:

Գվատեմալայի մայրաքաղաքից 150 կմ հեռավորության վրա գտնվող Սան-Անտոնիո-Պալոպա քաղաքում սողանքը մի ամբողջ շրջան է ոչնչացրել: Հորդառատ անձրեւները բարդացնում են փրկարարների աշխատանքը:

Մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է: Աշխատանքները բարդացնում է նաեւ Պակայա հրաբխի ժայթքման արդյունքում դուրս հորդած լավան եւ հրաբխային մոխիրը: