Վաղը` հունիսի 1-ին Հայաստանում սկսվում են միասնական քննությունները: Հունիսի 1-ին դիմորդները միասնական քննություններ կհանձնեն «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաններից: Հիշեցնենք, որ այս տարի դիմորդների ընդհանուր թիվը` ներառյալ ԼՂՀ-ի դիմորդների թիվը, 17 655 է, որը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է 1510-ով: Երեւանից դիմորդների թիվը 6 160 է, իսկ ԼՂՀ-ից` 876:

«Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, «Ֆիզիկա»-ի քննությունը` հունիսի 8-ին, «Օտար լեզվի» քննությունը` հունիսի 11-ին, «Մաթեմատիկայի» քննությունը` հունիսի 15-ին, «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաների քննությունը` հունիսի 19-ին, իսկ Ռուսաց լեզու առարկայինը` հունիսի 23-ին: