Լեհաստանի նախագահի առաջիկա ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների՝ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Յարոսլավ Կաչինսկու միջեւ: Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանը հայտնել է, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է հունիսի 20-ին, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին:
Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 10 թեկնածուներ, բայց հիմնական թեկնածուները երկուսն են՝ Սեյմի նախագահ Բրոնսիլավ Կոմորովսկին, ով ներկայացնում է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, եւ Լեհաստանի մահացած նախագահի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին՝ «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունից:
Մնացած բոլոր թեկնածուները միասին, ըստ դեսպանի, կարող են ստանալ ձայների ընդամենը 5 տոկոսը:
«Երկու թեկնածուներն էլ հմուտ քաղաքական գործիչներ են, եւ նախագահ ընտրվելու դեպքում մեծապես կարող օգուտ տալ մեր երկրին»,- ասել է դեսպանը:




























