Մեկնաբանելով Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ սկիզբ առած հակամարտությունը, վրացի փորձագետները կարծիք են հայտնել, որ իր գործողություններով Թուրքիան ձգտում է մահմեդական աշխարհում առաջատար խաղացող դառնալ:
Մասնավորապես՝ NEWS.am-ի թղթակից հետ զրույցում քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին կարծիք է հայտնել, որ այդ հակամարտությունը չի բխում Իսրայելի շահերից եւ նա չպետք է նման կերպ արձագանքեր հումանիտար բեռների Գազայի հատված ուղարկելու փաստին: «Թուրքիան, իր հերթին, սրանով հաստատվում է որպես առաջատար պետություն աշխարհում եւ ձգտում է դառնալ մահեդական աշխարհի քաղաքակիրթ առաջնորդ, ի տարբերություն Իրանի, որը շատ ավելի արմատական է տրամադրված եւ չի ճանաչում Իսրայելին»,- ասել է նա:
Գիա Նոդիան կիսում է իր գործընկերոջ կարծիքը եւ նույնպես կարծում է, որ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է մահմեդական աշխարհում իր վարկանիշի բարելավմանը, որտեղ սովորաբար ցուցաբերվում է խիստ դիրքորոշում Իսրայելի նկատմամբ: «Սակայն Իսրայելի հետ հարաբերությունների ամբողջական խզում տեղի չի ունենա, քանի որ Թուրքիան հավասարակշռված քաղաքականություն է վարում, եւ նրա շահերից չի բխում Իսրայելի հետ հարաբերություններում լուրջ ճգնաժամ ունենալ»,- ընդգծել է քաղաքագետը:
Զուրաբ Օբաշիձեն էլ նշել է, որ այդ հակամարտությունը բացասաբար կազդի հարեւան երկրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրների վրա: «Հույս ունենանք, որ այդ հակամարտությունն արագ կկարգավորվի: Մենք ցավում ենք եւ հետեւում իրադարձությունների զարգացմանը»,-հավելել է նա:
Նշենք, որ Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատված հումանիտար բեռներ տեղափոխող նավերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում, ըստ իսրայելական տարբեր լրատվամիջոցների, զոհվել է մինչեւ 19 հոգի։ Իսրայելական զինվորականները զենքի կիրառումը պատճառաբանում են ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ։ Նրանց խոսքով՝ նավում գտնվողները դանակներով եւ տարբեր առարկաներով իրենց վրա են հարձակվել։
Թուրքիան արագ արձագանքել է այս միջադեպին։ Նա ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, չեղյալ հայտարարել Իսրայելի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունները։


























