Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել երեկ` մայիսի 31-ին,  Ազատության հրապարակում տեղի ունեցածի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք առանց խմբագրման:

«Մայիսի 31-ին, ժամը 19-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ ժամը 18-ին անհայտ անձինք, խախտելով հասարակական կարգը, փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, նպատակ ունենալով կանխել նրանց գործողությունները, բազմիցս կարգի են հրավիրել օրինախախտներին, սակայն վերջիններս դիմադրություն ցույց տալով հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող եւ հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկանության ծառայողներին` նրանց հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրել ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ` ոստիկանության կրտսեր սերժանտ Գեւորգ Վ.-ի, ոստիկանության կրտսեր սերժանտ Գրիգոր Մ.-ի, 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ, ոստիկանության ենթասպա Գեւորգ Ք.-ի, ոստիկանության սերժանտ Հայկ Ն.-ի եւ ոստիկանության կրտսեր սերժանտ Ստյոպա Բ.-ի նկատմամբ եւ պատճառել վնասվածքներ: Այդ ընթացքում հավաքված բազմության միջից մի երիտասարդ աղջիկ յուրահատուկ հոտով, չպարզված քիմիական հեղուկ է լցրել Գեւորգ Վ.-ի դեմքին եւ պատճառել վնասվածք։

Ոստիկանության ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ժամը 19-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկաններ` ոստիկանության սերժանտ Արկադի Բ.-ն եւ ոստիկանության ենթասպա Միքայել Գ.-ն Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, 1991 թ. ծնված Դավիթ Ք.-ին, 1992 թ. ծնված Սարգիս Գ.-ին եւ 1983 թ. ծնված Ռուբեն Ա.-ին, քանի որ նույն օրը, ժամը 18.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի մոտ, ծառայություն կատարելիս նկատել են Վարազդատ Թ.-ին, որը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել գետնին ընկած Դավիթ Ք.-ին։ Արկադի Բ.-ն եւ Միքայել Գ.-ն փորձել են կանխել վեճը, սակայն նրանց շուրջ հավաքված անձանցից Սարգիս Գ.-ն եւ Ռուբեն Ա.-ն, Արկադի Բ.-ի հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով եւ ձեռքերով հարվածել են նրա մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածք։

Դրանից հետո Սարգիս Գ.-ն պոկել է Արկադի Բ.-ի համազգեստի ուսադիրն ու ցուցադրաբար նետել գետնին, իսկ մեկ այլ երիտասարդ նրա գլխից վերցրել եւ գետնին է նետել ոստիկանության ծառայողի գլխարկը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է հետաքննություն»: