Մայիսի 31-ին Ստոկհոլմում կայացել է Միջազգային իրավունքի ասոցիացիայի շվեդական մասնաճյուղի կազմակերպած սեմինարը «Ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում, 1915 թվականին. կենդանի պատմություն, իրավական խնդիրներ, վաղեմության իրավունք եւ պատասխանատվություն» խորագրով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, սեմինարը նախագահել է Միջազգային իրավունքի փորձագետ եւ Շվեդիայի Միջազգային իրավունքի ասոցիացիայի նախագահ Օվե Բրինգը: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթով հանդես է եկել Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, Դունդեի համալսարանի Միջազգային իրավունքի պրոֆեսոր Կաջ Հոբերը եւ պատմաբան ու Armenica.org կայքի գլխավոր խմբագիր Վահագն Ավետյանը, ինչպես նաեւ` շուրջ 50 մասնակիցներ, ներառյալ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, Շվեդիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամներ, գիտնականներ, ինչպես նաեւ` հայկական, թուրքական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներ: 

Դեսպան Այվազյանը, ներկայացնելով Ցեղասպանության պատմությունը, անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ցյուրիխյան արձանագրություններին, դրանց վավերացումը կասեցնելու պատճառներին:

Պրոֆեսոր Հոբերը հակիրճ ներկայացրել է միջազգային իրավունքում վաղեմության վերաբերյալ իր ուսումնասիրությունները: Բացատրելով, որ շատ բարդ կլինի կանխատեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսական նախադեպի հավանականությունը կամ արդյունքը` պրոֆեսորը մատնանշել է, որ ելնելով իրադարձությունների բնույթից, այդ հարցը կարող է հետագա քննության համար ներկայացվել միջազգային դատական կառույցներ, օրինակ` Միջազգային քրեական դատարան:

Վահագն Ավետյանի ելույթը նվիրված է եղել պետական ինքնությանը, իրավահաջորդությանը եւ պատասխանատվությանը: Նրա ներկայացմամբ, կան խելամիտ հիմքեր Թուրքիայի Հանրապետության ժխտողական քաղաքականությունը տանելու դեպի հավանական լիբերալ պատասխանատվության, որով նախատեսվում է նաեւ Ցեղասպանության պաշտոնական ճանաչում Թուրքիայի կողմից: