Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարան կվերանայի իր հարաբերություններն Իսրայելի հետ, եթե վերջինս մինչեւ հունիսի 2-ի գիշերն ազատ չարձակի Թուրքիայի բոլոր քաղաքացիներին:
Թուրքական ԱԳՆ ղեկավարը նաեւ հայտարարել է, թե Իսրայելը պետք է փոխհատուցումներ վճարի հարձակման ընթացքում զոհվածների հարազատներին, հաղորդում է CNN Turk-ը: Դավութօղլուն մեղադրել է Իսրայելին՝ միջազգային ակտիվիստներին առեւանգելու եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտման մեջ, քանի որ իսրայելական զինուժը գործել է Միջերկրական ծովի չեզոք ջրերում:
Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել են «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 իրավապաշտպանների եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ իրավապաշտպաններ, իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» է որակել: Թուրքիան նաեւ ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին՝ Օղուզ Չելիքքոլին:

























