Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 1-3-ը եգիպտական «ARTOC group» ներդրումային ընկերության հրավերով գտնվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի, տեղեկատվական եւ հաղորդակցության նախարար Թարեք Մոհամադ Քամելի, միջազգային համագործակցության նախարար Ֆայզա Աբուլ Նագայի եւ Կահիրեի նահանգապետ Աբդ Ալ Ազիմ Ալ Վազիրի հետ:
Եգիպտոսի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Ներսես Երիցյանը կարեւորել է Հայաստան – Եգիպտոս տնտեսական համագործակցության ընդլայնումն ու խթանման անհրաժեշտությունը: Նա նաեւ նշել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, դեղագործության, բժշկության եւ այլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացման անհրաժեշտությունը:
Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆն ընդգծել է, որ հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար կա եւ՛ ներուժ, եւ՛ պատրաստակամություն: Նա, մասնավորապես, առանձնացրել է համագործակցության հնարավորությունները հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Անդրադարձ է եղել նաեւ Երեւանում` սեպտեմբեր ամսին նախատեսվող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստին առնչվող կազմակերպչական հարցերին:


























