Ռուսական «Գազպրոմբանկը» եւ «ՀայՌուսգազարդը» հունիսի 3-ին երկարաժամկետ (5 տարով) վարկային համաձայնագիր են ստորագրել`  50 մլն դոլարի չափով:

Վարկային միջոցները կուղղվեն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքներն ավարտելուն, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» ընթացիկ գործունեությանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկ» խմբից, սույն վարկային պայմանագրի ստորագրումը հերթական քայլն է հանրապետության վառելիքաէներգետիկ ձեռնարկությունների հետ «Գազպրոմբանկի» արդյունավետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Սա արդեն երկրորդ վարկային պայմանագիրն է. Առաջինը ստորագրվել է 2009-ի հոկտեմբերին, որով 40 միլիոն դոլարի վարկ է հատկացվել «Հայռուսգազարդին»՝ 7 տարի մարման ժամկետով:

Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա վերջին։ Ի դեպ, այն մասին, որ «ՀայՌուսգազարդին» անհրաժեշտ է ներգրավել շուրջ 60 մլն դոլարի վարկային միջոցներ, օրերս Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ այցելելուց հետո հայտարել էր «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը: