Արդեն նոր մանրամասներ են հայտնի քալիֆորնիական Բըրբենք քաղաքում պահեստի հրաձգության վերաբերյալ: Ինչպես գրում է «Burbank Leader»-ը, ոստիկանությունը համարում է, որ դա մահափորձ էր. ամուսինը սկզբում կրակել է կնոջ վրա, ապա ինքն իրեն:

Ոստիկանության կարծիքով՝ 50-ամյա ամուսինը, ում անունը չեն հայտնում, փորձել է սպանել իր 47-ամյա կնոջը, որից հետո ինքնասպան է եղել: Նրա մարմինը հայտնաբերվել է կցասայլով մեքենայի սրահում: Հրազենային վնասվածք ստացած կնոջը տեղափոխել են վնասվածքաբանական բժշկական կենտրոն: Բժիշկների կանխատեսումների համաձայն՝ նա կապրի: Հաղորդում են, որ զույգը Սանլենդից մեքենան պահում էր պահեստի տարածքում: Մեքենայի սրահում, որտեղ գտել են մարմինը, ատրճանակ է գտնվել: Հետաքննությունը շարունակվում է:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Բըրբենք քաղաքի պահեստում հրաձգության հետեւանքով սպանվել է մի տղամարդ եւ վիրավորվել մի կին, որի հետ հաղորդակցվելու համար հայերենի թարգմանիչ է պահանջվել: Ոստիկանները ահազանգի հետքերով մեկնել են բեռնատարների եւ ավտոֆուրգոնների պահեստ, որտեղ կրակոցներ էին հնչել: Այնուհետ խուզարկուները խնդրել են իրենց  հայերենի թարգմանիչ տրամադրել եւ բուժկենտրոն են ուղեւորվել՝ վիրավոր կնոջից ցուցմունք վերցնելու: