Ուզբեկստանի գյուղական շրջաններից մեկի ղեկավարը ծեծել է ֆերմերներին եւ մի քանի դպրոցների տնօրեններին ու տեղական համայնքների ղեկավարներին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի ռադիոն:
Աղբյուրը նշում է, որ համայնքի ղեկավարը դժգոհ է մնացել բամբակ հավաքող ընկերության ցուցանիշներից եւ իր դժգոհությունն արտահայտել բամբակի ընդունման կետում: «Խոկիմը կարդացել է՝ ով ինչքան բամբակ է հանձնել: Այնուհետեւ նա կանչել է քիչ բամբակ հանձնած գյուղատնտեսներին եւ ծեծել նրանց, վիրավորել եւ հայհոյել», - գյուղատնտեսներից մեկի խոսքն է մեջբերում թերթը:
Ըստ թերթի՝ մեկ այլ ժողովի ժամանակ ղեկավարը ծեծել է երկու համայնքների ղեկավարների եւ երեք դպրոցների տնօրենների: «Բոլոր ժողովներն ավարտվում են հայհոյանքով եւ մարդկանց ծեծով: Ոչ ոք չի կարող հակաճառել, քանի որ Խոկիմի կողքին կանգնած են ոստիկանապետը եւ դատախազը», - նշել է աղբյուրը:
Ուզբեկստանում բամբակի բերքահավաքը տեղի է ունենում հարկադիր աշխատանքի պայմաններում: Դաշտեր են ուղարկում բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաեւ ուսանողների:




























