Ըստ էության, Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը ավելի շատ խորհրդարանական է, քան նախագահական. նախագահի իրավասությունները բավականին սահմանափակ են երկրի քաղաքական կյանքի վրա ազդեցության տեսանկյունից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով խորհրդաժողովում հայտարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանում եղե՞լ է, արդյոք, սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտություն, Թորոսյանը հիշեցրեց, որ 2005թ. արդեն լուրջ փոփոխություններ իրականացվել են: «Սակայն, ցավոք, այդ բարեփոխումները մինչեւ վերջ չընդունվեցին»:

Նա նշեց, որ քաղաքական կուսակցությունները չեն հասկանում, որ իշխանության գալու հիմնական միջոցը խորհրդարանական ընտրություններն են, ոչ թե նախագահականը: «Նախագահը, ով խորհրդարանական մեծամասնություն չունի, բոլորովին սահմանափակ իրավասություններ կունենա եւ էական ազդեցություն չի կարող ունենալ երկրի քաղաքական կյանքի վրա», - նշեց Տիգրան Թորոսյանը: Պատահական չէ, որ որ որոշ քաղաքական կուսակցություններ մասնակցում են միայն նախագահական ընտրություններին: «Կուսակցությունները ոչ միշտ են հասկանում խորհրդարանի կամ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը եւ խոսում են կառավարման խորհրդարանական համակարգին անցման մասին, - կարծիք հայտնեց Տիգրան Թորոսյանը: