Գերմանիան անհրաժեշտ է համարում Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ մտածելու հարցը, եթե Ուկրաինայում իրավիճակը դեպի լավը չփոխվի, եւ Մոսկվան չդադարի միջամտել այնտեղ կատարվող գործընթացներին: Այս մասին, ըստ «Ռոսբալտի», հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

Ըստ աղբյուրի`  Բեռլինը չի ճանաչում նոյեմբերի 2-ին Ուկրաինայի արեւելքում կայացած ընտրությունները: «Առավել եւս անհասկանալի է այն փաստը, որ Ռուսաստանի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե իրենք հարգում եւ ճանաչում են այդ ընտրությունները», - Զայբերտի խոսքերն է մեջբբերում աղբյուրը:

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչները նոր իշխանություն են ընտրել: Ըստ Ուկրաինայի իշխանությունների պնդման` ընտրությունները հակասում են Մինսկի պայմանավորվածություններին եւ խախտում են Ուկրաինայի օրենսդրությունը:  Նման դիրքորոշում ունի նաեւ Արեւմուտքը:  ԵՄ-ն այդ ընտրություններն ապօրինի է համարում եւ մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները: Ընտրությունները դատապարտել է նաեւ ԱՄՆ-ն: 

Ռուսաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ Մոսկվան Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ընտրությունները կայացած է համարում: