Համարվում է, որ կանայք ոչ մի դեր չեն խաղացել հռոմեական ռազմական գործունեության մեջ: Սակայն գրեթե 2 հազարամյակ Հռոմի կենտրոնում կանգնած հուշարձանը հերքում է այդ կարծիքը: Զինվորները խախտել են ամուսնության արգելքը, իսկ հրամանատարների կանայք եւ դուստրերը, հավանաբար, մասնակցել են հաղթանակների առիթով կազմակերպված արարողություններին:

Խոսքը Տրայանոսի հանրահայտ սյան մասին է: Հնագետ Էլիզաբեթ Գրինը դրա վրա վեց կնոջ պատկեր է հայտնաբերել: Դրանք ծառայողների տեսք ունեն, որոնք ռազմական կրոնական արարողությունների ժամանակ զոհաբերությունն են պահում: Սովորաբար այդ դերը տղաներն են կատարում, բայց ծառայողներից վեցի մասին կարելի է հստակ ասել, որ կանայք կամ աղջիկներ են:

Գիտնականները Տրայանոսի սյունն ուսումնասիրում են XVIII դարից, սակայն մինչեւ հիմա կանանց չեն նկատել: Բանն այն է, որ սյունը 30 մետր բարձրություն ունի, այնպես որ՝ դրա մեծ մասը դժվար է մոտ տարածությունից ուսումնասիրել:

Միայն տղամարդիկ կարող էին ընդգրկվել հռոմեական բանակի կազմում: Օգոստոս կայսրն իր կառավարման տարիներին (մ.թ.ա. 27-մ.թ. 14 թվականներ) զինվորներին եւ զինծառայողներին արգելել է ամուսնանալ: Այդ պատճառով շատ հնագետներ կարծում էին, որ բանակի հետ կապ ունեցող կանայք գոյություն չեն ունեցել:

Դրությունը սկսվել է փոխվել, երբ XX դարի 80-ական թվականների վերջին Լինդսի Ալասոն-Ջոնսն ապացույցներ է գտել, որ կանայք եւ երեխաները զինվորների հետ բնակվել են սահմանային հատվածներում եւ գավառներում:

Ըստ «Գիտություն եւ կյանք» ամսագրի, 1990-ականների սկզբին Լեյդենի համալսարանից Լինդսի Ալասոն-Ջոնսն ու Քարոլ վան Դրիլ-Մյուրեյը Վինդոլանդում կանացի եւ մանկական չափսի կոշիկներ են գտել, ինչպես նաեւ բրոնզե թիթեղներ, որոնք 25 տարվա ծառայությունից հետո տրվում էին զինվորականներին: Դրանք արձանագրում էին հռոմեական քաղաքացիության ստացումը: Որքան էլ զարմանալի է, այդ թիթեղների վրա հիշատակվում են նաեւ զինվորների կանայք եւ երեխաները:

Վինդոլանդում զինվորների «անօրինական» կանայք եւ երեխաները, հավանաբար, բնակվում էին զորամասի սահմաններից դուրս: Բացի այդ, նրանք ստիպված էին աշխատել, քանի որ սովորաբար զինվորներն իրենց աշխատավարձով չէին կարող հոգ տանել ընտանիքի մասին:

Այս փաստի ճանաչման համար որոշ ժամանակ կպահանջվի: «Ես դեռեւս փորձում եմ ավագ սերնդին, հիմնականում՝ դասական տեսակետների կողմնակից գիտնականներին եւ պատմաբաններին, համոզել այդ հարցում»,- գրել է Էլիզաբեթ Գրինը: