Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության երկու հայց էր ներկայացվել՝ պետության կարիքների համար օտարված հողամասերի եւ սեփականության դեմ վիճարկող դիմումատուների կողմից. «Պապյանն ու Դավթյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», ինչպես նաեւ՝ «Հովհաննիսյանն ու Գեւորգյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերով: Երկու գործերով էլ Դատարանը մերժել է ներկայացված հայցերը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակից:

Պապյանն ու Դավթյանը Հայաստանից պահանջել էին 349 հազար եվրո գումար, իսկ Հովհաննիսյանն ու Գեւորգյանը՝ 1 միլիոն 997.565 եվրոյի փոխհատուցում՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար:

Երկու գործով էլ կառավարությունն առարկություններ է ներկայացրել՝ նշելով, որ հայցվորները չէին սպառել ներպետական պաշտպանության բոլոր միջոցները: Այն հանգամանքներն ու հարցերը, որոնք նրանք ներկայացրել էին Եվրոպական դատարանի քննարկմանը, չէին ներկայացվել ներպետական դատարանների քննարկման, ինչը կառավարությանը հիմք է տվել առարկելու, թե չի պահպանվել հայտարարագրի 34 հոդվածով սահմանված հստակ կանոնը, ըստ որի` ՄԻ Եվրոպական դատարան դիմելուց առաջ պետք է սպառվեն ներպետական պաշտպանության բոլոր միջոցները: Կառավարության այս առարկությունների հիման վրա դատարանը մերժել է քաղաքացիների հայցերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության: